«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանը երեկ՝ հունվարի 23-ին, դադարեցրել է հացադուլը, հայտնել են փաստաբան Ռուբեն Մելիքյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Վերջինս խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Աղվան Վարդանյանի հետ «Իզմիրլյան» ԲԿ-ում այսօր այցելել է Սամսոնյանին, ով հացադուլի մեջ էր գտնվում ավելի քան 15 օր:
«Սամսոնյանը, բարեբախտաբար, բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը, այժմ վերականգնողական փուլում է, ինչին կհաջորդի վիրահատությունը»,- մանրամասնել է Դանիելյանը։
Մելիքյանն էլ հայտնել է, որ բողոքարկել են հաղորդավարի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում են նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վերանայելու միջնորդություն։
Բժշկական կենտրոնում պատգամավորներն այսօր այցելել են նաև Շիրակի թեմի առաջնորդ, ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
«Միքայել սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության համար»,- գրել է Դանիելյանը Ֆեյսբուքում։
Նա պատմել է, որ սրբազանը, վերհիշելով տարբեր ժամանակաշրջաններում Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարվածները, վերահաստատել է, որ եկեղեցին մշտապես հաղթահարել է բոլոր մարտահրավերները՝ է՛լ ավելի զորեղանալով։
«Միքայել սրբազանը հավատում է, որ հայ ժողովուրդը կանգնելու է իր եկեղեցու և հոգևորականության կողքին»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը:
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին նոյեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը:
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա դեկտեմբերի 26-ին վիրահատվել էր:





































