ՎԱԶ-21074 մակնիշի ավտոմեքենայի ոչ սթափ վարորդը և ուղևորները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ծեծել են պարեկներին, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում։ Նշվում է, որ պարեկները կանգնեցրել են 22-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենան:
«Վարորդի սթափության վիճակն ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հավելել է, որ ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել են, նախաձեռնվել է քրեական վարույթ։