Ադրբեջանական զինուժը Նոյեմբերյանի սահմանագոտում ավելի մեծ տարածք հետախուզելու նպատակով մեծ աշտարակ է կանգնեցրել, հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ հրապարակելով աշտարակի լուսանկարը։
«2024 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանագոտում սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, Բաղանիս-Այրում նախկինում ադրբեջանաբնակ գյուղից տարածքներ, 30 տարի ամրացված դիրքերն Ադրբեջանին հանձնեցին։ Այդ տարածքներից վերև՝ բարձունքում, ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ Հայաստանի ավելի մեծ տարածքում ռադիոհետախուզություն կատարի»,- նշել է Սարգսյանը։
Նա հայտնել է, որ լուսանկարն ինքն է արել՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից, որտեղից աշտարակը լավ տեսանելի է։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի ապրիլի 19-ին նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածների անցումը Տավուշի 4 գյուղով։
Նույն թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։ 2025 թվականի փետրվարին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվելու է Տավուշի հյուսիսային հատվածից։