Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Տուժածներ չկան: Գերատեսչությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք Պաշտպանության նախարարությունը հերքում է։ Վերջին այդպիսի հայտարարությունը հերքվել էր ապրիլի 12-ին։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ, և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Արդեն մի քանի օր անց՝ մարտի 31-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի սահմանամերձ Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։