Պետք է սպասենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, որից հետո մեր մոտեցումները կձևակերպենք, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գնման գործընթացին։
Վարչապետի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի իր ելույթում երկու սցենար է նշել, որոնք մնում են ուժի մեջ։
«ՀԾԿՀ-ի որոշման բովանդակությունը հնարավոր կամ անհնար է դարձնելու մեր որոշած սցենարները։ Որոշումից հետո կկոնկրետացնենք շարունակությունը։ Եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է, հարց է ծագելու՝ որքա՞ն է գինը։ Իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե լինի տրամաբանական, կառավարությունը լրջորեն կքննարկի»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ եթե գինը բարձր լինի և ակնհայտորեն պետական բյուջեի միջոցներով չեն կարողանա այդ ձեռքբերումն իրականացնել, կգնան երկրորդ սցենարով։
«Երկրորդ սցենարն այն է, որ միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից մասնավորեցվում է, բայց կառավարությունը որոշակի ներկայություն ունենում է թե՛ օրենսդրական կարգավորմամբ, թե՛ բաժնետոմսերով»,- ասել է վարչապետը։
Հոկտեմբերի 28-ին «Տաշիր» խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը, ինչը կարող էր հիմք լինել սակագնի իջեցման համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի հայտարարությունից հետո, ուր նշել էին, որ ՀԷՑ-ի՝ սակագինն իջեցնելու հունիսի 6-ի առաջարկը մերժել են, քանի որ ցանկացել են սակագինը վերանայել տարեվերջին, «Տաշիր Կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով:




































