Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում վեց ամսով երկարաձգել է խաղողի մթերումների համար տրամադրված վարկերի և բյուջետային երաշխիքների մարման ժամկետները՝ Վրաստանի մաքսային ծառայության կողմից հայկական կոնյակի բեռնատարների մուտքի արգելքի հետևանքները մեղմելու նպատակով։
Էկոնոմիկայի նախարարությունը նախագծում մանրամասնել է, որ Վրաստանի կողմից «անհիմն և տևական ժամանակով բեռնատարները կանգնեցնելու պատճառով տնտեսավարողների մոտ առաջացել են վնասներ, և նածագիծը դրանք մեղմելու համար է»։
«2025-ի ապրիլի 17-ից սկսած՝ Վրաստանի մաքսային ծառայության կողմից անհիմն կանգնեցվել են հայկական ընկերություններից դեպի Ռուսաստան և Բելառուս արտահանվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Ոլորտի տնտեսվարողների կողմից տրամադրված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հունիսի 26-ի դրությամբ Գեզի տերմինալում կուտակվել է շշալցված հայկական կոնյակով բարձված շուրջ 150 բեռնատար»,- ասված է նախագծում։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակում էականորեն կրճատվել են ընկերությունների ֆինանսական մուտքերը, լուրջ խնդիրներ են առաջացել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկային ու վարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու, հետագայում նաև խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու հարցերում։
Նախարարության տվյալներով՝ մաքսային տերմինալում կանգառի օրական լրացուցիչ ծախսը տնտեսավարողների համար կազմում է շուրջ 100 դոլար, ինչի պատճառով նրանք հաճախ խախտում են մատակարարման պայմանագրերով սահմանված ժամկետները, ենթարկվում տուգանքի (մատակարարման արժեքի 20%-ի չափով) և զրկվում են խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Խափանումների կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը դադարում են համագործակցել, ինչն էլ կրճատում է կոնյակի արտահանման ծավալը, ասված է նախագծում։
Գործադիրում հավելել են, որ 2022 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել 9 կազմակերպության՝ շուրջ 5,3 մլրդ դրամի չափով, որից 5,1 մլրդ դրամը հատկացրել են խաղող մթերող 8 կազմակերպության՝ 3 տարի, 3 ամիս մարման ժամկետով։
Հունիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր՝ վրացական կողմը որոշակի կասկածներ էր հայտնել, որ բեռնատարների կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է որոշակի փորձաքննություն իրականացնել։
Հունիսի 19-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Հունիսի 23-ին Պապոյանը տեղեկացրել էր կոնյակի արտահանման հարցով Վրաստանի հետ պայմանավորվածության մասին։