Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը 2025 թվականի մայիսին 80%-ից հասել է 85%-ի, գրում Է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ այդ մասին է վկայում կոնյակ, սպիրտ և ալկոհոլային ապրանք արտադրողների միության («Սոյուզկոնյակ») և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի հետազոտությունը:
Ըստ միության տվյալների՝ հետազոտված հայկական կոնյակի նմուշների 85%-ը չի համապատասխանում կոնյակի և բրենդիի միջպետական ստանդարտի պահանջներին, ինչպես նաև ռուսական օրենսդրությանը: 50% դեպքերում հայտնաբերվել է ոչ ալկոհոլային սպիրտի օգտագործում, որը չի կարող «կոնյակ» կոչվել, ասվում է զեկույցում։
Կոնյակի որակի մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել է հայկական ութ խոշորագույն արտադրողի տարբեր ապրանքանիշերի 71 նմուշ, այդ թվում ՝ «Աբովյանի կոնյակի գործարան», «Արաքսի կոնյակի գործարան», «Արարատի գինու գործարան», «Արկոն Թրեյդ», «Շահնազարյան գինու-կոնյակի տուն», «Պռոշյանի կոնյակի գործարան», «Սամկոն» և «Հայասի Գրուպ»:
Այս ֆոնին ռուսական «Անտիկոնտրաֆակտն» սկսել է համագործակցել վրաց-ռուսական բիզնես ասոցիացիայի հետ, որը վրացական կողմին է փոխանցել կեղծված արտադրանքի հետազոտությունների արձանագրությունների ավելի քան 2000 թերթ, որոնք ստացվել են Վրաստանի տարածքով տարանցմամբ: Վրացական բիզնեսի նախաձեռնությամբ երկրում արդեն սկսվել են տարանցիկ բեռների ստուգումները, ասվում է հաղորդագրության մեջ:
«Անտիկոնտրաֆակտ»-ի ղեկավար Վլադիսլավ Ռեզնիկը նշել է, որ ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ խնդիրը լուծելու համար: Նրա խոսքով՝ Երևանում հայտարարել են կոնկրետ լուծումների մասին, սակայն արդյունքներ դեռևս չկան, իսկ անորակ կոնյակի ծավալը և մասնաբաժինը մատակարարումների ընդհանուր քանակում միայն աճում է:
Իր նախորդ ուսումնասիրություններում «Սոյուզկոնյակը» հայտարարել էր, որ խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը 2024 թվականի օգոստոսին կազմել է 90%, 2025 թվականի մայիսին նվազել է մինչև 80%՝ սահմաններին վերահսկողության ուժեղացման շնորհիվ։ Միությունը դիմումներ է ուղարկել ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայություն, Դաշնային մաքսային ծառայություն, Ռուսաստանի գլխավոր դատախազություն, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի պրոֆիլային նախարարություններ:
Հունիսի 19-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Հունիսի 23-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր կոնյակի արտահանման հարցով Վրաստանի հետ պայմանավորվածության մասին։