Ռուսաստանում ընդունվել է օրինագիծ, որը խստացնում է, այսպես կոչված, «պարալելային ներկրման» կանոնները, այսինքն՝ ապրանքների ներմուծումն առանց ապրանքային նշանի իրավատերերի թույլտվության, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Փաստաթղթի համաձայն՝ իրավատերերը կկարողանան փոխհատուցում պահանջել ապրանքի կրկնակի արժեքի չափով։ Բացի այդ, ավելացվել են արտոնագրային իրավունքի խախտման համար սահմանվող առավելագույն տուգանքները՝ 5-10 միլիոն ռուբլի։ Խախտողների հարցով զբաղվելու են ռուսական դատարանները։
Դատարանները կկարողանան նաև հաշվի առնել, թե արդյոք ընկերություն-իրավատերը լքե՞լ է ռուսական շուկան և որքանո՞վ է համարվում «ոչ բարեկամական»։ Ըստ կայքի՝ սա համահունչ է վերջին ամիսների հռետորիկային, որի նպատակն ազգային շահերի պաշտպանությունն է միջազգային մեկուսացման պայմաններում։
Քննադատների կարծիքով՝ այս նախաձեռնությունը կարող է խոչընդոտներ ստեղծել պարալելային ներմուծմամբ զբաղվող ռուս գործարարների համար և մեծացնել օտարերկրյա ընկերությունների ազդեցությունը։ «Կոմերսանտ»-ի հետ զրույցում իրավաբան Անատոլի Սեմյոնովն ասել է՝ օրինագիծը, փաստորեն, թույլ է տալիս օտարերկրյա իրավատերերին ընտրովի կերպով սահմանափակել իրենց ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ ելնելով սեփական շահերից։
«Կոմերսանտ»-ը գրում է, որ գործարարները մտահոգված են, թե օրենքը կարող է բարդացնել բիզնեսի գործունեությունը շուկայում և սահմանափակել ռուս սպառողների հասանելիությունն արտասահմանյան ապրանքներին։
Հայաստանը համարվում է «պարալելային ներկրման» ճանապարհով Ռուսաստան ապրանքներ մատակարարող առաջատար երկրներից մեկը՝ Թուրքիայի, ԱՄԷ-ի և Ղազախստանի հետ միասին, ինչպես թեմայի վերաբերյալ իրենց աշխատանքում նշել են Պլեխանովի անվան ՌԷՀ-ի տնտեսագետները։