Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետության` Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ավելին, 2020-ին պայմանավորված այնպիսի արտաքին գործոններով, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը, փոխադարձ առևտրի նվազման ֆոնին Հայաստանի տնտեսությունն ապահովեց ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։ Առևտրաշրջանառությունը 2021-ին նախորդ տարվա համեմատ աճել է 20,6%-ով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2%-ով։
Ընդ որում՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճի լավագույն ցուցանիշներն ապահովել են թարմ և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, տեքստիլի և կոշիկի արդյունաբերության արտադրանքը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում պահանջարկ ունեցող մի շարք այլ ճյուղերի արտադրանքները»։
Փաշինյանի խոսքով՝ արտահանման ծավալների աճին զուգընթաց աճել են նաև միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Այսպիսով, ծագման երկրի հատկանիշով ներմուծումն աճել է 18,5%-ով։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում առանձին նախաձեռնություններին Ուզբեկստանի մասնակցությանը, ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական իրավիճակին և տնտեսությունների զարգացմանն ուղղված առաջարկություններին, Միության շրջանակում ապրանքների հետագծելիությանը, արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հունիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Վարչապետի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն ավարտվել է: