Հայաստանն ու Թուրքիան Երևանում առաջին անգամ անցկացված Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հանձնաժողովի նիստում պայմանավորվածություններ են ձեռք բերել, տեղեկացնում է ՀՀ ջրային կոմիտեն։
Գերատեսչությունը նշել է, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների համատեղ նիստում։
Հաղորդագրությունում նշվում է կողմերի միջև կնքված փաստաթղթերի մասին, որոնց պայմանները «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանն անվանել է «երկուստեք շահավետ»։
Պայմանավորվածությունների և փաստաթղթերի բովանդակությունը կոմիտեն չի մանրամասնել։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։
2025-ի մայիսին Թուրքիան որոշում էր կայացրել վերացնել Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։


































