Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է աշխարհի հազվագյուտ «վարդագույն քաղաքների» ընտրանին՝ այն վայրերի, որտեղ ճարտարապետությունը ներկված է վարդագույնի տաք երանգներով՝ բաց տուֆից մինչև հագեցած տեռակոտա։ Հնգյակում ընգրկվել է նաև Երևանը:
Հայաստանի մայրաքաղաքն առանձնանում է տեղական հրաբխային տուֆի օգտագործմամբ՝ բնական քարը, որն ունի վարդագույն երանգ և որով երեսապատված են քաղաքի կենտրոնական շինությունները, հատկապես՝ Հանրապետության հրապարակի շրջակայքը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Երևանի «վարդագույն ոճը» հատկապես տեսանելի է դարձել 20-րդ դարում՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով իրականացված քաղաքի վերակառուցման արդյունքում։
Բացի Երևանից, ցուցակում ներառված են նաև Ջայփուրը (Հնդկաստան)՝ 1876թ․ վարդագույնով ներկվել է՝ ըստ մահարաջայի հրամանի, Ուելսի արքայազնի այցից առաջ։ Թուլուզը (Ֆրանսիա)՝ դեռևս հին ժամանակներից հայտնի է տեռակոտայի աղյուսներով։ Ալբին (Ֆրանսիա)՝ քաղաք, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ աղյուսե տաճարը և Մոնտոբանը (Ֆրանսիա)՝ քաղաքի վարդագույն ճակատներն ստեղծում են հարավային յուրահատուկ մթնոլորտ։