Ջոն Չուկասյանն ընդգրկվել է Ֆրեզնոյի երաժշտության փառքի սրահում, հայտնում է Asbarez-ը։ Chookasian Armenian Concert & Folk Ensemble-ի հիմնադիրն ու տնօրենը ճանաչվել է նաև տարվա երաժիշտ։
«Չուկասյան հայկական համույթը վերջին 35 տարիներին մասնակցել է համերգների, փառատոնների և հատուկ միջոցառումների Կալիֆոռնիայում, ԱՄՆ-ում և Արևելքում, ինչպես նաև Հայաստանում»,- ասվում է հրատարակության մեջ։
Չուկասյանը Սեբաստիայի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից է։ Նախքան Ֆրեզնո տեղափոխվելը՝ նա ստեղծել է մերձավորարևելյան խումբ, որը կոչվում է The King Tut Revue, ինչպես նաև հայկական The Hye-lites of New York Halvah-Jees խումբը։
Կնոջ՝ Բարբարայի հետ ստեղծել է անսամբլ, որը գտել ու ձայնագրել է Արևելյան և Արևմտյան Հայաստանի կորած ու մոռացված երգերն ու պարերը։ Համույթը թողարկել է հինգ ալբոմ, որոնք պահվում են Վաշինգտոնի Սմիթսոնյան գրադարանում։
«Իրենց բազմաթիվ ճամփորդությունների ընթացքում նրանք գտել, վերաշարադրել և գործիքավորել են գրեթե անհետացած եզակի հայկական երգերը, ապա կատարել դրանք»,- նշել է թերթը։
Չուկասյանի հետ միասին Փառքի սրահում ընդգրկվել են նաև Էվո Բլյուշտեյնը, Ջոն Քլիֆթոնը, Անն Համրեն և Մարիսա Օրդունոն: Նրանց պատվին միջոցառում կանցկացվի սեպտեմբերի 25-ին։