Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը մարտի 14-28-ը կանցկացնեն հայ կոմպոզիտորական արվեստի «Մարդու ճակատագիրը» փառատոնը։
«Մարտի 14-28-ը 15-րդ փառատոնի շրջանակներում մենք կլսենք ինչպես 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտորների, այնպես էլ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ»,- ասվում է նվագախմբի հաղորդագրության մեջ։ Թավջութակահար Էտտոռե Պագանոն և շեփորահար Սելինա Օտտը ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Դիրիժորներն են Սերգեյ Սմբատյանը, Ռուբեն Ղազարյանը և Ալեքսանդր Հումալան։ Փառատոնի համերգային ծրագրում ընդգրկված են Էդգար Հովհաննիսյանի «Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար», Առնո Բաբաջանյանի «Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար», Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքը», Արփինե Կալինինայի «Սրտի անհամբերությունը», Արամ Սաթյանի «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը և Միխայիլ Շոլոխովի պատմվածքի հիման վրա Ջոն Տեր-Թադևոսյանի «Մարդու ճակատագիը» թիվ 2 սիմֆոնիան։
Համերգների սկիզբը՝ 19:30-ին։ Տոմսերի արժեքը 3000-10․000 դրամ է։
2010 թվականին Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված և յուրաքանչյուր տարի լեգենդար հայ կոմպոզիտորներից մեկին նվիրվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կոչված է պահպանելու հայ դասական կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները` միաժամանակ խթանելով մեծավաստակ հայ կոմպոզիտորների ժառանգության ճանաչումը։