Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ փետրվարի 5-ին հարձակման և մեկ անձի սպանության վարույթով 14 մեղադրյալ կա, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել հսկող դատախազին։
3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի դեպքում՝ բացակայելու արգելքը, ևս 5 քաղաքացու նկատմամբ ընտրվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը՝ որպես խափանման միջոց։ 1 քաղաքացու նկատմամբ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավն են կիրառվում, 1-ի դեպքում՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը, ևս 1-ի՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Մեկ անձի մասով նախաքնությունը շարունակվում է, հավելել են իրավապահ գերատեսչությունից։
«Ա.Ղ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ա.Ղ.-ն ինքնաձիգով կրակոցներ էր արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ.Օ.-ն մահացել էր, Ս.Ն.-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց»,- ասված է հրապարակման մեջ։
Փետրվարի 5-ին ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության վարույթով 2 ձերբակալված կա, դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ։ Փետրվարի 21-ին ՔԿ-ից հայտնել էին 5 անձի կալանքի մասին։
Փետրվարի 6-ին Shamshyan.com-ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հարցերի պատճառով։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանն է։