Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացը կտևի 4-5 տարի, հայտարարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն սկսել են 2024 թվականի սեպտեմբերից։ Դավթյանի խոսքով՝ դրանից հետո երկու փորձագիտական առաքելություններ են այցելել Հայաստան՝ կոնկրետ գնահատականներով զեկույցներ ներկայացնելու նպատակով։ Նա նշել է, որ մինչև 2025 թվականի հունիս կմշակվի կոնկրետ գործողությունների ծրագիր։
Դավթյանն այս ծրագրի բարդ կետերից է համարել երկրում նոր կենսաչափական համակարգի ներդրման պահանջը։
«Մենք արդեն սկսել ենք այդ ուղղությամբ աշխատանքները, որն արդեն որոշակի փուլում է, գործողությունների ծրագիրը ներկայացնելուց հետո Երևանը պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ»,- ընդգծել է նա։
Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ գործողությունների ծրագրում ներառված բոլոր առաջադրանքների ավարտից հետո կսկսվի վիզաների ազատականացման գործընթացը։
2024 թվականի հուլիսի 22-ին Եվրամիության խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրոպական հանձնաժողովի մտադրությանը։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ Խորհրդի որոշումն անվանել էր «կարևոր հանգրվան և խորացող գործընկերություն»։
Մարտի 24-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների շարունակման հերթական փուլի մասին։