Մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ից հավելել են, որ տան գնդակոծման հետևանքով տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ՝ ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ-ն հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024-ի հունիսի 15-ին առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։