ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հետևել են հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունների ընթացքին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժություններին հետևել են նաև Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար Քարլին Ուիլյամսը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ու բարձրաստիճան այլ զինվորականները։
«Արծիվ գործընկեր-2025»-ն անցկացվում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Քվինը զրուցել է ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու համատեղ զորավարժությանը։
Ըստ դեսպանատան՝ զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։
«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը մեկնարկել էր օգոստոսի 12-ին։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:






































