ՀՀ պաշտպանության նախարարության զորավարժադաշտում հուլիսի 8-ի ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Վարույթը նախաձեռնվել է Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարով-խմբ․) և 550-րդ հոդվածի 1-ին մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․)։
Պայթյունի մասին ՊՆ-ն հայտնել էր հուլիսի 8-ին՝ նշելով, որ կան տուժածներ։ Հուլիսի 9-ին ՊՆ-ից տեղեկացրել էին, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։