Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու նախագիծն 87 դեմ, 1 ձեռնպահ և զրո դեմ ձայներով չընդգրկվեց ԱԺ օրակարգ։ Սարգսյանը նույնպես դեմ է քվեարկել իր հեղինակած նախագծին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից առաջ նշել է, որ բանակի բարեփոխումն իշխանության առաջնահերթությունների շարքում է։
«Հաշվի առնելով նախագծի որոշ սահմանումներ, ձևակերպումներ, դրանց շուրջ քննարկումների ժամանակը, խմբակցությունը եկել է եզրահանգման, որ օրինագիծն այս տեսքով չենք կարող ընդունել»,- նշել է Կոնջորյանը։
Ընդդիմադիր «Հայաստան»ց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ պաշտպանության նախարարության որևէ առաջարկ չի ընդգրկվել նախագծում։
«Նախագիծն օրակարգ բերելով՝ հայտնվելու ենք խառնաշփոթի մեջ»,- հավելել է Մանուկյանը։
Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել ՔՊ պատգամավորի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը նախագծի ընդունման դեպքում կլիներ 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։
Հունիսի 13-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Սարգսյանի նախագծին։