2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքներին տրամադրվող աջակցության ժամկետը 2 ամսով երկարաձգվել է, որոշումը կառավարությունն ընդունել է ապրիլի 17-ի նիստում։
Աջակցություն տրամադրելու համար ՀՀ բյուջեից լրացուցիչ 13 200 000 դրամ կփոխանցվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուրի համար կազմում է 300 000 դրամ։
Կառավարությունը մարտի 13-ի նիստում որոշել էր 44-օրյա պատերազմում անհայտ կորած 22 զինծառայողի ընտանիքների աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև մարտ ամիսը ներառյալ։
Գործադիրն անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշում էր ընդունել 2020թ. դեկտեմբերի 10-ին։ 2020-ից սկսած կառավարությունը երկարաձգում է աջակցության ծրագրի ժամկետները։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ 2024-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, որոնց թվում 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող կա։