Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը, հայտնել է EUMA-ն X սոցիալական ցանցում։
Նշվում է, որ պարեկների թիվը մարտ ամսից ավելացվել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգության ուժեղացման և հնարավոր լարվածությունը թուլացնելու համար:
«Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահում են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ներկայություն»,- ասվում է EUMA-ի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է։ Վերջին այդպիսի հայտարարությունը հերքվել էր ապրիլի 9-ին։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։