Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը փակ հանդիպումներից հայտարարություններ է հրապարակել, որոնք առնչվում են նաև բանակին։
Նա հայտարարել է, որ 2 տարի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին փակ հանդիպումներին ասել է, որ զինվորները շաբաթական մեկ անգամ են լողանում, բայց խնդիրը, ըստ նրա, չի լուծվել։ Նա նաև իշխող ուժի իր թիմակիցներին մեղադրել է զինակոչիկների թվի նվազման մեջ, ինչը, նրա խոսքով, տեղի է ունեցել իր՝ զինծառայության ժամկետը գումարով կրճատելու նախագիծը մի քանի անգամ մերժելու հետևանքով։ Սարգսյանն առաջարկել էր նաև մինչև 16 տղաների համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում սահմանել 15 մլն դրամ տուրք։
«Ովքեր փող ունեն, մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են քաղաքացիությունից, այդ գումարները ծախսում են դրսում՝ Եվրոպայում, Ռուսաստանում։ Դրա հետանքով կորցնում ենք և՛ մարդկանց, և՛ գումարները։ Հիմա տարեկան մոտ 3000 տղա քաղաքացիությունից հրաժարվում է։ Եթե նրանցից 1000-ն օգտվեր այս տարբերակից, այսինքն՝ 15 մլն վճարեր և գար ծառայության, կունենայինք 1000-ով ավելի զորակոչ»,- ասել է նա։
Լրագրողների դիտարկմանը՝ ինչո՞ւ է փակ հանդիպումներից բանակին առնչվող հայտարարություններ անում և արդյոք խնդիր չի՞ տեսնում թշնամիների համար ինֆորմացիայի տեսանկյունից, նա պատասխանել է, որ խնդիրը պետք է բարձրաձայնել։
«Միտքը, թե, վայ, թշնամին, կիմանա, «փլվել» է 2020 թվականին, որովհետև թե՛ մեր դիրքերը, թե՛ ամեն ինչ դիտարկվել են, դիտարկվում են և դիտարկվելու են: Ասում են՝ խոսում է բանակի մասին, գաղտնիությունը հրապարակելով՝ մեր վիճակը կվատանա։ Մեր կրիտիկական վիճակն արդեն վատացել է, 2020 թվականից դա ֆիքսվել է․ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակում խոսել ենք այն մասին, որ թշնամին ամեն ինչ իմացել է»,- հայտարարել է ՔՊ պատգամավորը։
Նրա խոսքով՝ 2020-ի պատերազմից հետո «Պաշտպանության նախկին նախարարն ասել էր, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը 24/7 ռեժիմով հետևել է տեղաշարժին»։
«Այսինքն՝ իմացել է, թե որտեղ են պաշտպանության բանակի հրամանատարները, տեղակալները, որտեղ են խոցվել։ Այսինքն՝ ոչ միայն թվերով է իմացել, այլև անվանական»,- հայտարարել է Սարգսյանը։
Պատգամավորը բացառել է, որ իր այսօրվա հայտարարություններից հետո իր նկատմամբ կարող է քրեական հետապնդում նախաձեռնվել։
«Ինձ չեն կարող բռնել»,- շեշտել է նա։
Սարգսյանի նախագծին կառավարությունը հավանություն չէր տվել, իսկ ապրիլի 5-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը մերժել էր այն։ Նախագծով առաջարկվում էր 18-27 տարեկան զինապարտ տղամարդկանց հնարավորություն տալ գումարի դիմաց կրճատված ժամկետով զինվորական ծառայություն անցնել․ 6 ամիս ծառայության դեպքում առաջարկվում էր վճարել 15 մլն դրամ, իսկ 1 ամսվա դեպքում՝ 20 մլն դրամ:





































