Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է փակել Ադրբեջանի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը, եթե շարունակվի ադրբեջանական լրատվամիջոցներում և պաշտոնական հայտարարություններում ռուսական տեղանունների «անվանափոխման» պրակտիկան, հաղորդում է RTVI-ն։
Զատուլինի խոսքով՝ եթե Ադրբեջանը որոշի ի պատասխան փոխել ռուսական քաղաքների անունները, դա կարող է հանգեցնել սահմանափակումների. «Մենք դժվար թե կարողանանք ընդունել գնացքներ և ինքնաթիռներ, եթե «նպատակակետ» սյունակում լինեն նրանց կողմից հորինված նոր անուններ»։
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը՝ «որպես ավելի խորը պատմական արմատներ ունեցող պետություն» և «ավելի հասուն հասարակություն», չի արձագանքի դրան հայելային քայլերով։ Զատուլինն ընդգծել է, որ Ստեփանակերտ անվանումը պատմական լեգիտիմություն ունի և օգտագործվել է խորհրդային տարիներին, այդ թվում՝ այն ժամանակահատվածներում, երբ քաղաքն Ադրբեջանի ԽՍՀ-ի մաս էր կազմում։
«Ստեփանակերտը Խանքենդի վերանվանելը չի կարող հիմք հանդիսանալ ռուսական լրատվամիջոցների դեմ հայց ներկայացնելու համար, երբ խոսքը գնում է նախկին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բարբարոսական գործողությունները լուսաբանելու մասին»,- ասել է նա։
Զատուլինի խոսքով՝ Բաքուն ցուցադրում է «ուռճացված ինքնագնահատական» և ցանկություն՝ գործել Մոսկվային հակառակ՝ Արևմուտքի հետ հակամարտության ֆոնին Ռուսաստանի չարախոհների մոտ միավորներ վաստակելու համար։
«Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր է գնում սրացման՝ Ռուսաստանի դիրքորոշումը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով և իր շահերն առաջ մղելու նպատակով, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը և Կասպից ծովի ուղղությամբ ազդեցության մեծացումը»,- եզրափակել է պատգամավորը։
Հուլիսի 30-ին օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել էին Այվազովսկու հուշարձանը։ Այդ քայլը քննադատության էր արժանացել Մոսկվայի կողմից: Ադրբեջանի ԱԳՆ վերջնագրից և լրատվամիջոցների ճնշումներից հետո ռուսական ՏԱՍՍ-ը երկու անգամ վերաշարադրել էր Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հոդվածը։ Սկզբում վերնագրում նշված էր Ստեփանակերտ, ավելի ուշ այն փոխարինվել էր «Լեռնային Ղարաբաղ»-ով, իսկ այժմ՝ «Խանքենդի»-ով։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ներն սկսել են օգտագործել ռուսական քաղաքների հին անունները, օրինակ՝ Կալինինգրադն անվանելով Քյոնիգսբերգ։