Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում Պակիստանի ներքին գործերի նախարար Սաիդ Մոհսին Նաքվիի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Դուք սերտ հարաբերություններ ունեք Ադրբեջանի հետ, բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ադրբեջանական պետությունը քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են իսլամական աշխարհի տեսակետներին»,- ասել է նա:
Գործակալության փոխանցմամբ՝ Վելայաթին Բաքվին մեղադրել է Ալ-Ջուլանիի և Իսրայելի միջև միջնորդ լինելու, ինչպես նաև Իսրայել նավթ արտահանելու համար։
Հունիսի 27-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել էր, որ փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ Իրանի տարածք են մտել հարևան երկրների տարածքով։ Նա հավելել էր, որ հետախուզական տվյալների հիման վրա դիմել են Ադրբեջանին: Ադրբեջանի ԱԳՆ-ն նույն օրը հերքել էր Սոբհանիի այն հայտարարությունները, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հարձակման համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին հունիսի 26-ի հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր Իրանի և Իսրայելի հակամարտության ընթացքում Ադրբեջանի տարածքում իսրայելական անօդաչու թռչող սարքերի թռիչքի մասին հաղորդագրություններն ստուգելու անհրաժեշտության մասին: