Որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն եկեղեցու դեմ քայլերը ներկայացնել որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, այսուհանդերձ, ակնհայտ է, որ թիրախավորված է բուն եկեղեցին, հուլիսի 11-ին Մայր Աթոռում տեղի ունեցած քահանայից տարեկան ժողովում հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։
Կաթողիկոսի խոսքով՝ եկեղեցու դեմ իշխանությունների արշավը համակարգային բնույթ է կրում։ Նրա խոսքով՝ հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է անկախ պետականությանը, ժողովրդի միասնականությանը, հարված՝ երկրի և Հայոց եկեղեցու բարի համբավին։
«Ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականներս կոչված ենք ոչ միայն հոգեփրկչական մեր առաքելությունն իրականացնելու, այլև, ցավալիորեն, դիմագրավելու հակաեկեղեցական հարձակումները: Սակայն մենք հավատքով ու ոգով ամուր ենք մնում՝ համաձայն սուրբգրային խոսքի. «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում»»- նշել է կաթողիկոսը։
Նա ընդգծել է, որ աշխարհում և տարածաշրջանում ընթացող զարգացումները լուրջ խնդիրների առջև են կանգնեցրել Հայաստանին ու հայ ժողովրդին:
«Մենք խորապես մտահոգված ենք, որ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել եկեղեցու նկատմամբ։ Այդ ամենի մասին են վկայում վերջին տարիներին եկեղեցու առաքելության համար տարբեր ոլորտներում հարուցված խոչընդոտներն ու արհեստական դժվարությունները»,- հավելել է վեհափառը։
Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորել է իրենց ծառայության մեջ անվհատ ու ամուր մնալ, առավել զորացնել հավատացելոց հոգևոր խնամքն ու աղոթական կյանքը, գոտեպնդել ժողովրդին հավատով, հույսով ու սիրով՝ զերծ պահելու պառակտումներից։
«Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ՝ թույլ չտալով եկեղեցու հասցեին վիրավորանք և չարախոսություն։ Մի՛ վարանեք սադրիչ հարձակումներին պատասխանել ճշմարտությամբ, արիությամբ ու սիրով։ Անհրաժեշտ աշխատանք տարեք, որպեսզի ժողովրդի մեջ պատշաճ կերպով ընկալվեն հակաեկեղեցական ընթացքների բուն դրդապատճառները։ Թույլ չտանք, որ մերժելի այս երևույթները, տարատեսակ մոլորեցնող հրապարակումներն ու հայտարարությունները որևէ կերպ թյուրընկալումների տեղիք տան՝ տկարացնելով մեր ազգն ու եկեղեցին»,- ընդգծել է կաթողիկոսը։
Ժողովում եկեղեցականներն անդրադարձել են նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքին, հավելել են Մայր Աթոռից։
Հայտարարությամբ հանդես է եկել է նաև քահանաների հավաքը՝ մտահոգություն հայտնելով երկրում տեղի ունեցող վերջին օրերի ցավալի զարգացումներով։
«Աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում ամենատարբեր պատճառաբանություններով երկրում իրականացվող քաղաքական հետապնդումները և այդ շրջագծում ՀՀ վարչապետի ու իշխող ուժի ներկայացուցիչների կողմից սանձազերծված արշավը Հայոց եկեղեցու և եկեղեցականության դեմ խաթարում են ազգային կյանքը, առկա մարտահրավերներին հանդիման ջլատում մեր ժողովրդի միասնականությունը և տկարացնում մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում»,- ասվում է ՀԱԵ հայաստանյան թեմերում սպասավորող քահանաների հայտարարության մեջ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝