Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն կոշտ է արձագանքել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ Ստեփանակերտում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ հայտարարություններին, դրանք որակելով որպես «անընդունելի», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Սոբհանին հուլիսի 8-ին «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն էր հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանն այս հայտարարության վերաբերյալ։
Հաջիզադեն նշել է, որ համատեղ հայտարարությունը նախապես համաձայնեցված է եղել ՏՀԿ անդամ երկրների հետ և կազմվել է նախագահողի ամփոփման ձևաչափով՝ առանց առանձին հաստատման անհրաժեշտության։ Նա հերքել է Իրանի դեսպանի պնդումները, թե Թեհրանը վերապահում է հայտնել փաստաթղթի ընդունման առնչությամբ՝ ընդգծելով, որ դիվանագիտական պրակտիկայում վերապահումներ կարող են արտահայտվել միայն բանակցություններով ընդունված որոշումների նկատմամբ։
Բացի այդ, Հաջիզադեն հիշեցրել է, որ բոլոր ՏՀԿ անդամ երկրները, ներառյալ՝ Իրանը, անդամակցում են նաև Իսլամական համագործակցության կազմակերպությանը, որը կողմ է արտահայտվել «ադրբեջանցիների վերադարձին», և դատապարտել է Հայաստանի՝ «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մերժումը։ Այս դիրքորոշումը վերահաստատվել է նաև Ստամբուլի հռչակագրում։
Հաջիզադեի խոսքով՝ Իրանի դեսպանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «քաղաքական մանիպուլյացիա և կեղծավորություն»։
Հուլիսի 3-4-ը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում անցկացվել էր Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը։ «Գեղարդ» գիտահետազոտական հիմնադրամը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏՀԿ հարթակն օգտագործել է Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար։