Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հոգևորականների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին իր հայտարարությունը:
Ֆեյսբուքյան գրառմամբ նա կրկին ընդգծել է, որ կուսակրոն հոգևորականը չի կարող անձնական կյանք ունենալ: Նա նաև նշել է օպերատիվ իրավիճակի և անձնական կյանքի միջև կապի մասին։
«Վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։ Ահա և կապն «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև»,- գրել է Փաշինյանը։
Հունիսի 29-ին, պատասխանելով սոցիալական ցանցերում իր, այդ թվում՝ հոգևորականների մասին անձնական տեղեկությունների հրապարակման մասին հարցին, վարչապետը հայտարարել էր, որ «Սրբազան պայքարի»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ օպերատիվ տվյալներն ստացվել են օրենսդրությամբ նախատեսված կարգով: Փաշինյանի խոսքով՝ «եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում»։
«Այդ օպերատիվ միջոցառում իրականացրած մարմինը՝ ԱԱԾ-ն, վարչապետին ենթակա մարմին է, և ամեն օր զեկուցում է ինձ հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Երբ օպերատիվ իրավիճակի մեջ կան անվտանգության հետ կապված խնդիրներ և հարակից խնդիրներ, այդ ամենը ես, բնականաբար, չեմ կարող չիմանալ։ Եվ իմ իմանալը նույնպես բացարձակապես օրինական է»,- շեշտել է նա։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով։ Հունիսի 2-ին նա կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի պահպանումը։ Մայր Աթոռից կոչ էին արել կասեցնել վարչապետի «անհեռատես և անօրինական քաղաքականությունը»:
Իշխանամետ ԶԼՄ-ում իբրև իշխանության զավթման պլանի փաստաթղթի հրապարակման վերաբերյալ նրա հայտարարությունից հետո խուզարկություններ ու ձերբակալություններ էին սկսվել, ուժայինները ներխուժել էին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և կաթողիկոսի՝ Էջմիածնի նստավայր: Բագրատ Գալստանյանը և նրա ևս 14 աջակիցներ կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանը՝ իշխանության զավթման կոչի համար: Նրանք մեղքը չեն ընդունում: