Արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծել իրենց կեցության խնդիրները, մասնավորապես՝ բնակապահովության և վարձավճարների հարցերը։
Ըստ նրանց՝ բնակարանային ապահովման ծրագրի մեկնարկից սկսած բարձրաձայնել են դրանում առկա խնդիրների մասին, սակայն ՀՀ իշխանությունները դրանք հաշվի չի առել։
Արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանի խոսքով՝ որոշման մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք դրվել են հանրային քննարկման, սակայն մինչև այսօր չեն հաստատվում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց արդեն իսկ իրացված սերտիֆիկատին ընթացք տալ։ Ըստ Պետրոսյանի՝ խնդիրներ են առաջանում անգամ այն ժամանակ, երբ փաստաթղթերը ստացել են, մնացել է բանկում գործողություն կատարելը։
«Արդյունքում ունենք փաստացի բազմաթիվ ընտանիքներ, որոնք չեն կարողացել օգտվել բնակարանային ապահովման ծրագրից»,- նշել է նա։
Ըստ հասարակական գործչի՝ նաև «40+10» ծրագիրն է իր լուրջ հետևանքները թողնում։ Առայսօր արցախցիները չեն ստացել իրենց մայիսի վճարումները։
«Հունիս ամսին 40 000 դրամ է կազմելու պետության կողմից ստացված բնակարանային վարձի փոխհատուցումը, իսկ հուլիսի մեկից մինչև դեկտեմբեր՝ 30 000 դրամ»,- մանրամասնել է նա։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ ստեփանակերտցի Անահիտը, լրագրողներին հայտնել է, որ դստեր հետ դրսում հայտնվելու վտանգի առջև են կանգնած:
«55 տարեկանից բարձր աշխատանքի չեն ընդունում, աղջիկս երրորդ կուրսում է սովորում, բնակարանի վարձը 150 հազար դրամ է, ասացե՛ք, խնդրեմ, ինչպե՞ս կարող ենք վճարել։ Աղջիկս չի հասցնում և՛ աշխատել, և՛ սովորել։ Ասում է՝ կա՛մ պետք է աշխատեմ, կա՛մ սովորեմ»,- նշել է նա։
Մեկ այլ ցուցարար պատմել է, որ 61 տարեկան է, և իրեն աշխատանքի չեն ընդունում, իսկ թոշակի տարիքին դեռ չի հասել։
«Ոսկի ենք ծախում՝ ապրում ենք։ Վաղը ոսկին էլ վերջանա, հետո ի՞նչ ենք անելու»,- հարցրել է նա։
Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ հետագա քայլերը կախված կլինեն այն բանից, թե ինչ արձագանք կտա կառավարությունն իրենց նամակին։
Ապրիլից ՀՀ իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալական ծրագրեր նախաձեռնել։ Նույն օրը նրանք վրաններ էին տեղադրել «Ազատության» հրապարակում։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամներն ապրիլի 29-ին տեղեկացրել էին, որ «Ազատության» հրապարակից հեռացնելու են վրանը և տեղակայելու են Արցախի ներկայացուցչությունում։ Նրանք նաև ասել էին, որ ապրիլի 30-ին կառավարությունը ոչ միան երկարաձգելու է «40+10» ծրագիրը, այլև ընդունելու է խորհրդի ներկայացրած պահանջները։