Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված բանաձև, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Բանաձևը վերահաստատում է ապագա սերունդներին կրթելու կարևորությունը՝ կանխելու նման վայրագությունների կրկնությունը:
«Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Կոլումբիայի շրջանի քաղաքային խորհրդի անդամ Չարլզ Ալենին նախաձեռնությունը ղեկավարելու համար, և Կոլումբիայի շրջանի ամբողջ քաղաքային խորհրդին՝ այն միաձայն ընդունելու համար: Սա ևս մեկ օրինակ է, որ շրջանը կանգնած է պատմության ճիշտ կողմում: Որպես գլոբալ քաղաք, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, պետք է շարունակենք ճանաչել Ցեղասպանությունը և ապահովենք, որ այդ հարցը պատշաճ կերպով դասավանդվի մեր հանրակրթական դպրոցներում: Այդ իսկ պատճառով հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որի նպատակն է, որպեսզի ՕՍԵՆ լրջորեն վերաբերվի Հայոց ցեղասպանության մասին ուսուցմանը»,- նշել է Կոլումբիայի շրջանի Հայ դատ հանձնախմբի նախագահ Մեթյու Ջիրարդին:
Կոլումբիայի շրջանի հանձնախումբը համազգային տագնապ էր հայտարարել՝ կրթության պետական տեսուչի վարչությանը (OSSE) կոչ անելով Կոլումբիայի շրջանի հանրակրթական դպրոցներում ապահովել հուսալի և ներառական կրթություն ցեղասպանության վերաբերյալ՝ ներառյալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության և 2023 թվականի Արցախի Ցեղասպանության վերաբերյալ նյութերը:
Ապրիլի 24-ին լրացել էր Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշել է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ Եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Կարդացեք նաև`