Օշական բնակավայրում 4-ամյա երեխան ընկել է «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ երեխան գետն է ընկել ապրիլի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։ Նույն օրը, ժամը՝ 20:15-ի սահմաններում, երեխայի՝ գետն ընկնելուց բավական հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են երեխային։ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ցավոք, չեն կարողացել փրկել երեխայի կյանքը. պարզվել է, որ նա ջրահեղձ է եղել, ու բժիշկներն արձանագրել են մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ երեխան Արագածոտնի մարզի բնակիչ, 4-ամյա Ն. Հ.-ն է։