2024 թվականին դեպի Հայաստան օդային ճանապարհով ուղևորահոսքի ծավալները 2023-ի տվյալների համեմատ 1,3%-ով նվազել են, տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծից, որը հաստատվել է կառավարության ապրիլի 23-ի նիստում։
Խոսքը ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրի մասին է, որով առաջարկել են նոր ուղղություններով ժամանող քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան խթանելու համար ֆինանսական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք չվերթեր կիրականացնեն մինչ օրս չսպասարկված նոր ուղղություններից։ Մասնավորապես, նշվում է, որ յուրաքանչյուր օդային ուղևորի համար շահառու ավիաընկերություններին կտրամադրվի 15 000 և 20 000 դրամ՝ Գյումրու «Շիրակ» և Երևանի «Զվաթնոց» օդանավակայաններ չվերթեր իրականացնելիս։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մանրամասնել է, որ պարտադիր պայման է այն, որ շահառու ընկերությունը 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան: Նրա խոսքով՝ ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով:
«Արդյունքում՝ ակնկալվում է նոր ուղղություններից ՀՀ միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքի ծավալների ավելացում։ Ծրագրի շրջանակներում կանխատեսվում է տարեկան շուրջ 5-6% աճ ուղևորահոսքի գոյություն ունեցող ծավալների նկատմամբ, որը կխթանի զբոսաշրջությունը, կընդլայնի ՀՀ-ից իրականացվող չվերթերի աշխարհագրությունը, կնպաստի միջազգային ավիաընկերությունների Հայաստանի օդանավակայաններում բազավորմանը»,- ասված է նախագծում։
ՏԿԵ նախարարության տվյալներով՝ եթե 2019 թվականին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել էր շուրջ 3,2 մլն ուղևոր, ապա 2022 թվականին ուղևորահոսքը կազմել է շուրջ 3,7 մլն ուղևոր, 2023 և 2024 թվականներին՝ շուրջ 10,76 մլն ուղևոր՝ արձանագրելով միջին տարեկան շուրջ 11,5% աճ։ Նախարարության տվյալներով՝ եթե 2023թ. ՀՀ այցելել էր 2,31 մլն զբոսաշրջիկ, ապա 2024-ին այդ թիվը կազմել էր 2,2 մլն՝ արձանագրելով շուրջ 5% անկում։