ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդառաջել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածներից 30-օրյա փոխադարձ հրաժարվելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարին, հայտնում է Կրեմլը։
Նշվում է, որ Պուտինը համապատասխան հրաման է տվել զինվորականներին։
Հակամարտության գոտում 30-օրյա հրադադար մտցնելու նախաձեռնության վերաբերյալ ռուսական կողմը «նշել է մի շարք կետեր՝ կապված մարտական շփման գծի ողջ երկայնքով հնարավոր զինադադարի վերահսկողության ապահովման, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու և ուկրաինական զինված ուժերի վերազինման անհրաժեշտության հետ»։ Նաև նշվել են այն ռիսկերը, որոնք կապված են Կիևի՝ համաձայնության հասնելու անկարողության հետ, որն արդեն բազմիցս սաբոտաժի է ենթարկել և խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սպիտակ տունն այս որոշումը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներից ժամանակավոր փոխադարձ հրաժարվելու մասին որոշումը անվանել է «խաղաղությանն ուղղված առաջին քայլեր»:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: Մարտի 18-ին ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։