Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքները կեղծ են և ծիծաղելի, ասել է բժիշկ և մարդասեր, «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Սուդանի Գթության Մայր» հիվանդանոցի բուժական տնօրեն Թոմ Քաթինան։
«Այս կարճ տեսահոլովակով աջակցությունս եմ հայտնում իմ ընկեր Ռուբեն Վարդանյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ անարդարացիորեն պահվում է ադրբեջանական բանտում։ Ես Ռուբենին ճանաչում եմ 2017 թվականից, երբ այդ տարի արժանացա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ Սուդանում աշխատելու համար»,- իր տեսաուղերձում ասել է Քաթինան։
Նա հիշեցրել է, որ Վարդանյանի սահմանած «Ավրորա» մրցանակն ստացել է 2017 թվականին Սուդանում կատարած աշխատանքի համար։ Հետագայում նա դարձել է «Ավրորա» նախաձեռնության նախագահը, սերտորեն համագործակցել Վարդանյանի հետ տարբեր նախագծերում, ճանաչել նրան որպես բարոյական բարձր սկզբունքների տեր մարդու։
«Ռուբենը բացառիկ ազնվության տեր մարդ է»,- նշել է Քաթինան։
Նրա խոսքով՝ Վարդանյանն Արցախ էր գնացել՝ տեղյակ լինելով հնարավոր ռիսկերի մասին, բայց դա համարել է իր պարտքը։
«Միջազգային հանրությանը և բարի կամքի տեր մարդկանց կոչ եմ անում պահանջել ինչպես Ռուբենի, այնպես էլ բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, որոնք անարդարացիորեն պահվում են ադրբեջանական բանտում»,- եզրափակել է Քաթինան։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին պատմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։
Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ Մարտի 13-ին Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։