ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը գաղտնի կապ է հաստատել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ազդեցիկ անդամների հետ, հայտնել է Politico-ն:
Ըստ հրապարակման՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը։ Ըստ Politico-ի՝ քվեարկությունն առաջարկվում է անցկացնել հրադադարի հաստատումից հետո, բայց նախքան համապարփակ խաղաղ բանակցությունների մեկնարկը։
Թրամփի թիմը ենթադրում է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտրողների աջակցությունը չի ստանա։ Թեև Պորոշենկոն և Տիմոշենկոն մինչև հակամարտության ավարտը դեմ են արտահայտվել ընտրությունների անցկացմանը, նրանք շփվում են Թրամփի շրջապատի հետ և դիրքավորվում որպես մարդիկ, որոնց հետ ավելի հեշտ կլինի բանակցել, գրել է Politico-ն։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: