Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից ստեղծված «հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու և այլ հանցանքների մեջ» մեղադրվող ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Ըստ գերատեսչության՝ Տ.Ե.-ի, Ա.Մ.-ի և Մ.Վ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան են ուղարկվել փետրվարի 19-ին։
Դատախազությունը պարզաբանել է, որ Մինասյանը հանդիսանալով վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավար՝ ընկերության պատասխանատու Լ.Ա.-ի հետ հանձնարարել է ընկերության տնօրեն Տ.Ե.-ին և գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ին՝ հարկային մարմին ներկայացնել խեղաթյուրված տվյալներ, խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց և ղեկավարել նշված հանցանքի կատարումը:
«Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն «Կապռեկո» վերոնշյալ ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ կոմբինատից ստացել են 1 միլիարդ 980 միլիոն դրամ կանխավճար` տվյալ տարվա ընթացքում վառելիք մատակարարելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ դրա՝ համաձայնագրի կնքումից հետո ստացված 1 միլիարդ 980 միլիոն դրամի արդյունքում գոյացած 396 միլիոն դրամ շահութահարկը չվճարելու նպատակով, Մինասյանի և Լ.Ա.-ի կազմակերպմամբ, Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն ապրանքի մատակարարման համաձայնագրով նշված ընկերության հաշվին փոխանցված գումարը վերափոխել են փոխառությամբ տրամադրված գումարի։
Նշվում է, որ խախտելով Հարկային օրենսգրքի 53-րդ (Հարկային հաշվարկի ներկայացումը) և 104-րդ (Շահութահարկով հարկման բազայի որոշման սկզբունքները) հոդվածների պահանջները, նրանք 2018 և 2019 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկում մտցրել են խեղաթյուրված տվյալներ:
Փետրվարի 14-ին դատախազությունը դատարան էր հանձնել Մինասյանի գործով անցնող ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ մեղադրվող Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ վարույթները։