Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաձգել է իր այցը Սաուդյան Արաբիա՝ Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները չճանաչելու համար, РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Ուկրաինան չէր ցանկանա տպավորություն ստեղծել, թե ինչ-որ լեգիտիմություն է տալիս այն ամենին, ինչ կատարվում է Էր Ռիադում»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցային խմբերի հանդիպումն անակնկալ էր Կիևի համար։
Փետրվարի 18-ին Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է բանակցություններ վարել Զելենսկու հետ, բայց պետք է հաշվի առնել նրա լեգիտիմության իրավական ասպեկտները։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել էր բանակցությունների արդյունքների մասին։