Եվրամիության (ԵՄ) հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, սակայն Հայաստանն անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել, «Իզվեստիային» հայտնել են Եվրահանձնաժողովից։
«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը և Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից 10 միլիոն եվրոյի աջակցությունը դրա ապացույցն են»,- ի պատասխան՝ հայտնել են ԵՄ-ից:
Կայքի տեղեկություններով՝ Բրյուսելը խոստացել է նաև հայ գործընկերների հետ քննարկել եվրաինտեգրման մասին օրենքի նախագիծը։
«Թեև ԵՄ-ին անդամակցության հարցն իրավական առումով դեռ օրակարգում չէ, Հայաստանն արդեն գնում է դեպի միության հետ ավելի խորը գործընկերություն»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Հունվարի 29-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալուն և ՀՀ-ի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։
Հունվարի 31-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հետևանքով հնարավոր է հայկական արտադրանքը բախվի ավելի բարձր մաքսատուրքերի, ինչը կբերի ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման և Հայաստանի բնակչության տոտալ աղքատացման։ Զախարովան կանխատեսել էր նաև հայկական ապրանքների արտահանման 80 տոկոս կրճատում։