Հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով ձերբակալված Իրանի քաղաքացին կապ չունի Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութի հետ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա խոսքով՝ հունվարի 31-ին ԻԻՀ քաղաքացին երթուղային տրանսպորտում կոպտորեն խախտել է հասարակական կարգը՝ ցուցաբերելով հասարակության և իրավական ու բարոյական նորմերի հանդեպ բացահայտ արհամարհանք:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում) և 171-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել առողջության կարճատև քայքայում, առավելագույն պատիժը՝ 1 տարվա ազատազրկում):
Իրանի քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Փետրվարի 1-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են իրանցի այն քաղաքացիներից մեկին, որը Հանրապետության հրապարակում իր ընկերների հետ ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգն էր երգում։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում երգողներն Իրանի քաղաքացիներ են։ Փետրվարի 1-ին ԱԱԾ-ն Իրանի քաղաքացիների՝ տեսանյութը հրապարակած ՀԿ ղեկավարի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում էր ներկայացրել ՔԿ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ ձերբակալվել է հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող արցախցի Ղարիբ Բաբայանը։
Ըստ ՔԿ-ի՝ Բաբայանին ձերբակալել էին «Ղարաբաղ, ջան Ղարաբաղ» երգն ադրբեջաներենով երգելու տեսանյութը հրապարակելու և այդ միջոցով «ՀՀ իշխանությունների ու ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված հրապարակային խոսք» տարածելու մեղադրանքով։ Փետրվարի 2-ին Բաբայանին դատարանի դահլիճից ազատ էին արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն խափանման միջոցը, արգելելով հանդես գալ հրապարակային խոսքով։