ԱՄՆ գործակալությունները, Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ազդեցության տակ, սկսել են չեղարկել Politico-ի, Associated Press-ի և The New York Times-ի վճարովի բաժանորդագրությունները, հայտնում է Axios-ը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ԱՄՆ իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսել 2024 թվականին լրատվականների վճարովի ծառայություններից օգտվելու համար։
«Տեղեկացել եմ ԱՄՆ ՄԶԳ-ի լրատվամիջոցների, այդ թվում՝ Politico-ի ֆինանսավորման մասին։ Կարող եմ հաստատել, որ ավելի քան 8 միլիոն դոլարը, որն ուղղվել է Politico-ի բաժանորդագրությունների սուբսիդավորմանն ամերիկյան հարկատուների հաշվին, այլևս հասանելի չի լինի: DOGE թիմը ներկայումս աշխատում է վերացնելու այդ վճարները»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ինչպես նշում է Axios-ը, USAID-ը 2024 թվականին 24,000 դոլար է ծախսել Politico-ի բաժանորդագրությունների վրա, մինչդեռ ԱՄՆ բոլոր պետական կառույցները ծախսել են 8,2 միլիոն դոլար:
Աղբյուրի տեղեկություններով՝ երբ DOGE-ն սկսեց աշխատել լրատվամիջոցների բաժանորդագրությունների վրա, NASA-ն չեղյալ է հայտարարել բաժանորդագրությունը Politico-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ The New York Times-ին, իսկ Պետդեպարտամենտը՝ The Associated Press-ին:
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։
«Հրապարակը» փետրվարի 5-ին գրել էր, որ USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից։