Երևանում փետրվարի 3-ին քաղաքացիները շարունակել են բոյկոտել տրանսպորտի մեկ ուղևորության համար 100 դրամի փոխարեն 150 դրամ վճարելու որոշումը, որը Երևանի ավագանին ընդունել էր հունվարի 31-ի արտահերթ նիստում։
Բոյկոտի ակցիաներին մասնակցել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողներին հայտնել է, որ ակցիաներն այնքան են շարունակելու, մինչև քաղաքային իշխանությունը ստիպված լինի վերանայել որոշումը և տրանսպորտի համար 100 դրամ սակագին սահմանել։
«Ի վերջո, ստիպված են լինելու վերանայել որոշումը, քանի որ բոյկոտի արդյունքում ֆինանսական խնդիրներ են առաջանալու։ Մեր՝ որոշմանը դեմ լինելու մասին 17 հազար ստորագրություններով նախագիծը մտնելու է օրակարգ։ Ինչ իմաստ ունի թանկացումը, եթե 17 հազար քաղաքացիների ստորագրությունների նախագծի վերաբերյալ դեռ որոշում չկա։ Եթե նախագիծը կմերժեն՝ կգնանք հանրաքվեի»,- ասել է նա։
Թևանյանը շեշտել է, որ քաղաքային իշխանությունն իրենց չի կարող արգելել շարունակել բոյկոտի ակցիաները, քանի որ անհնազանդության սահմանադրական իրավունք ունեն։
«Մեր ակցիաները յուրօրինակ են։ Մարդկանց մեծամասնությունը միանում է մեզ»,- շեշտել է շարժման առաջնորդը։
Նա կոչ է արել շարունակել չվճարել 150 դրամ ուղեվարձը։ Թևանյանը հավելել է, որ «Մայր Հայաստան» խմբակցության հաշվարկներով՝ ուղեվարձը կարող է լինել ոչ ավել, քան 65 դրամ։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չչեղարկել բոյկոտը։ Թևանյանը տրանսպորտի գնի վերաբերյալ իշխանության քաղաքականությունը «թուրքական բազար» էր որակել և կոչ արել շարունակել ճնշումը։
Բոյկոտի ակցիաները մեկնարկել էին փետրվարի 1-ին, և շարունակվել էին նաև փետրվարի 2-ին։