ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը օրվա մեջ երկրորդ անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը՝ այն որակելով շինծու, կեղծ և ստահոդ, տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է»,-հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ԱՀ ՊՆ-ն շեշտել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը։
«Եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ»
Ադրբեջանի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն։
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10֊ին` ժամը 09:45֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր նաև, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզ Կուտական համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։