Տեղահանված քաշաթաղցիները բնակարանային խնդիրների լուծման պահանջով կառավարության շենքի մոտ են հավաքվել։ Նրանք վերջին անգամ բողոքի են դուրս եկել սեպտեմբերի վերջ, սակայն խնդիրը մնացել է չլուծված։
Ինչպես Armenia Today-ի թղթակցին հայտնել է ցույցի մասնակիցներից մեկը՝ բնակարանների սերտիֆիկատները սկսել են բաժանել, սակայն դրանցով ոչ ոք տուն գնել չի կարողանում։
Տեղահանվածներին բանկում դիտարկում են որպես սովորական հաճախորդ, որը պետք է ունենա մաքուր վարկային պատմություն և մոտավորապես 1,5 միլիոն դրամ, որպեսզի կարողանա վճարել կանխավճարն ու ձևակերպումից հետո առաջացած որոշակի գումարները։
Ցուցարարների խոսքով՝ կառավարության որոշման համաձայն իրենց տրամադրվում է Երևանի տարածքում 8, մարզերում՝ 10, իսկ սահմանամերձ համայնքներում մինչև 14 միլիոն դրամ։
«Այդ գումարով դեռ երկու տարի առաջ հնարավոր էր ինչ-որ բան անել, այսօր այդ գումարի սահմաններում հնարավոր չէ»,- ասաց բերձորցի Անահիտ Քոսակյանը։
Նրա խոսքով՝ բանկն ինքն է գնահատում բնակարանը։ Եթե օրինակ տան արժեքն 8 միլիոն է, իսկ բանկը 6 միլիոն է գնահատում, ապա տարբերությունը՝ 2 միլիոն, պետք է տա գնորդը, իսկ տեղահանված մարդու համար, որն ամեն ինչ է կորցրել, դա մեծ գումար է։
Մեկ այլ խնդիր է կանխավճարի հարցը՝ Երևանի համար 10, իկս շրջանների համար 5 տոկոս, որը նույնպես խնդիր է առաջացնում։
«Իմ տվյալներով՝ մեկ-երկու նորաստեղծ ընտանիք է ձեռք բերել բնակարան՝ այն էլ գումար ավելացնելով»,- ասաց Քոսակյանը։