ՌԴ Դաշնային խորհուրդն առաջարկել է սառեցնել հատուկ գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը լքած խոշոր գործարարների ակտիվները։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Մասնավորապես, ըստ Տնտեսական քաղաքականության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կուտեպովի՝ նման միջոցները պետք է կիրառվեն առաջին հերթին սեփականաշնորհման շրջանակներում ձեռք բերված ձեռնարկությունների սեփականատերերի, ինչպես նաև զարգացման հաստատությունների կամ պետական ընկերությունների ղեկավարների նկատմամբ:
Անդրեյ Կուտեպովը հինգշաբթի նամակ կուղարկի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյին՝ առաջարկելով սառեցնել խոշոր գործարարների և պետական կորպորացիաների ղեկավարների ակտիվները, որոնք լքել են երկիրն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Նամակի պատճենը ՏԱՍՍ-ի տրամադրության տակ է։
«Ոչ բարեկամ երկրների կողմից ձեռնարկվող այս պետությունների տարածքում ռուս միլիարդատերերի ակտիվների (այդ թվում՝ ունեցվածքի) բացահայտման, նման ակտիվների բռնագանձման (սառեցման) ֆոնին կարծում ենք, որ անհրաժեշտ է դիտարկել նմանատիպ միջոցների կիրառումը փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը լքած անձանց և, առավել ևս, այն անձանց նկատմամբ, ովքեր հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից»,- ասվում է փաստաթղթում։
Կուտեպովը նաև առաջարկում է, որպեսզի գույքի և ակտիվների կառավարումից ստացված եկամուտները նպատակային կերպով ուղղվեն բյուջե՝ այդ կազմակերպությունների վնասները ծածկելու համար։