Հորդորում եմ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 26-ի N149 աղետալի որոշումը։ Այս մասին այսօր` մայիսի 19-ին կայացած ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նա նշել է, որ իրեն գրավոր ու բանավոր կերպով դիմել են բնակիչներ, որոնց բնակավայրերը օկուպացվել են Ադրբեջանի կողմից։
«Դիմում եմ ԱՀ կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել 2021թ․ փետրվարի 26-ի N149 աղետալի որոշումը։ Իրականում աղետալի բառը մենք ավելի վաղ կրկին շեշտել էինք։ Այն վերաբերում է և՛ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հայտարարությանը, և՛ այս որոշմանը։ Լուծարմամբ մենք ջնջում ենք մեր համայնքների պատմությունը, բայց մենք չպետք է շեղվենք մեր ընտրած ուղուց։ Մենք բարոյական իրավունք չունենք փակելու մեր համայնքների պատմությունը։ Լավ ժամանակներ կգան ու անպայման մենք պետք է Հադրութի համով-հոտով բարբառը պահպանենք»,- ասաց ԱՀ ԱԺ նախագահը։
Հավելենք, որ որոշումը վերաբերում է 2020թ. պատերազմի հետևանքով թշնամու տիրապետության տակ անցած համայնքներից բռնի տեղահանված, պետական համակարգում աշխատանք ունեցող քաղաքացիներին ընթացիկ տարվա հուլիսի մեկից աշխատանքից ազատելուն։