«Մուլտի Ուելնես» մարզաառողջարարային համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Ակցիայի ուղիղ հեռարձակումը վարել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Ակցիայի մասնակիցները իրավապահ մարմիններից պահանջել են վերացնել համալիրի նկատմամբ կիրառված սահմանափակումները, թույլ տալ վերսկսել գործունեությունը և ապահովել աշխատակիցների վերադարձն աշխատանքի։
Խուզարկություններից հետո իրավապահները կապարակնքել էին «Մուլտի Ուելնես»-ի մուտքերը, առգրավել համակարգիչներ, սերվերները և աշխատակիցների անձնական հեռախոսները։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ շուրջ 150 աշխատակից արդեն վեցերորդ օրն է՝ հարկադիր պարապուրդի է մատնված, իսկ մոտ 4000 հաճախորդ չի կարող օգտվել համալիրի ծառայություններից։
«Մուլտի Ուելնես»-ի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը հայտարարել է, որ այս պահին համալիրի ներսում քննչական գործողություններ չեն իրականացվում, սակայն բոլոր մուտքերը շարունակում են կապարակնքված մնալ։ Նրա խոսքով՝ լողավազանները, ջեռուցումն ու քլորակայանները շարունակում են աշխատել, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում և ավելացնում ծախսերը։
Փիրոյանը հայտնել է, որ մոտ հինգ օր առաջ միջնորդություն էր ներկայացրել Քննչական կոմիտե՝ աշխատանքը վերսկսելու թույլտվության խնդրանքով, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել։ Նա քննիչներին առաջարկել է պատճենել առգրավված սերվերների և համակարգիչների տվյալները և վերադարձնել ակումբի աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումները։
«Մենք քննությանը չենք խանգարում։ Թող մեզ թույլ տան աշխատել, որպեսզի այսքան աշխատակիցներ առանց աշխատանքի չմնան, կարողանանք սպասարկել հաճախորդներին»,- ասել է նա։
Գլխավոր տնօրենն իրավիճակն աբսուրդային է անվանել և նշել, որ Պետական եկամուտների կոմիտեի հայտարարությունը հարկերի հնարավոր թաքցման մասին տարածվել է սարքավորումների առգրավումից երկու օր անց։ Նրա կարծիքով՝ այդ ընթացքում իրավապահները չէին կարող ստուգել բոլոր սերվերներն ու համակարգիչները։
Նա ակումբի փակումը կապել է Ծառուկյանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հետ և իրավապահ մարմիններին կոչ արել «բիզնեսը չխառնել քաղաքականության հետ»։ Փիրոյանն ընդգծել է, որ սեփականատիրոջ հետ կապված հնարավոր հարցերը չպետք է հանգեցնեն ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման և աշխատակիցների իրավունքների խախտման։
Համալիրի աշխատակիցները հայտարարել են, որ փակման պատճառով մնացել են առանց ապրուստի միջոցի։ Նրանց խոսքով՝ աշխատակիցների շրջանում կան Արցախից բռնի տեղահանվածներ, վարձով բնակվողներ, վարկեր մարող և անչափահաս երեխաներ ունեցող մարդիկ։
Աշխատակցուհիներից մեկը հայտարարել է, որ պետությունը մարդկանց փաստացի զրկել է աշխատատեղերից։ Նա ընդգծել է, որ քաղաքական գործընթացները չպետք է առնչվեն հասարակ քաղաքացիներին և նրանց զրկեն վաստակից։ Արցախից տեղափոխված մեկ այլ աշխատակցուհի պատմել է, որ Ծառուկյանն օգնել է իրեն աշխատանք ստանալ, իսկ այժմ ակումբի փակման պատճառով չի կարող վճարել հիփոթեքը։
«Մուլտի Ոելնես»-ի ներկայացուցիչներն ուշադրություն են հրավիրել նաև այն հաճախորդների վրա, որոնց համար մարզումներն անհրաժեշտ են առողջական խնդիրների պատճառով։ Վաճառքի բաժնի ղեկավարը պատմել է, որ համալիր են հաճախում աուտիզմ ունեցող երեխաներ, ինչպես նաև տարբեր ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ։ Նրա խոսքով՝ աշխատակիցները չգիտեն՝ ինչ պատասխանել այն երեխաների ծնողներին, որոնց համար ակումբում անցկացվող պարապմունքները վերականգնման մաս էին։
Մարզիչ, բռնցքամարտի բաժնի ղեկավար Հայկը հայտարարել է, որ աշխատակիցները եկել են ոչ թե խնդրանքով, այլ ակումբը բացելու հստակ պահանջով։ Նա նշել է, որ տասը տարի ներդրել է համալիրի աշխատանքում և հիմա չգիտի՝ ինչպե՞ս պահել ընտանիքն ու մարել վարկերը։
«Արդեն 150 աշխատակից չունի աշխատանք։ Լուծեք մեր հարցը, բացեք ակումբը, որպեսզի աշխատենք, իսկ մնացած հարցերը լուծեք ինքներդ»,- ասել է նա։
«Մուլտի Ուելնես»-ի հաճախորդները նույնպես դեմ են արտահայտվել համալիրի երկարատև փակմանը։ Նրանք հայտարարել են, որ վճարել են անդամակցության համար, սակայն չեն կարողանում մասնակցել մարզումներին և մտահոգություն են հայտնել Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանության ու բիզնես վարելու պայմանների վերաբերյալ։
Հաճախորդներից մեկը կատարվածը կապել է Ծառուկյանի՝ քաղաքական պայքարի մեջ մտնելու հետ և ընդդիմադիր ուժերին կոչ արել ավելի ակտիվ արձագանքել տեղի ունեցողին։ Մեկ այլ հաճախորդուհի ընդգծել է, որ քաղաքական տարաձայնությունները չպետք է խանգարեն մարդկանց մարզվել և վերականգնել առողջությունը։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ շարունակելու են պահանջել «Մուլտի Ուելնես»-ի բացումը։ Լուծման բացակայության դեպքում համալիրի ղեկավարությունը չի բացառել դատարան դիմելը, իսկ աշխատակիցները հնարավոր են համարել նոր ակցիաների անցկացումը։




































