Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ որդին՝ Գոռ Սանոսյանը զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։
«Հետո նորից կհետազոտվի, կբավարարի՝ կգնա, չի բավարարի՝ չի գնա», - ասել է Սանոսյանը:
Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ Գոռ Սանոսյանը 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ ԶԼՄ-ն նշել էր, որ չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։
Ըստ նախկին նախարարի՝ իր տղան տարկետում է ստացել ոչ թե 2024 թվականին, այլ 2025-ի ամռանը, երբ ինքը որևէ պաշտոն չէր զբաղեցնում:
«Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու սրտի խնդիր չունի: Առողջապահության նախարարությունն ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողների մոտ չափերը փոխվում են ու սկսում է չհամապատասխանել, դա է ընդամենը, տարին տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից», - ասել է նա:
«Ազատությունը» նաև հայտնել էր 2018-ից իշխող ուժի պատգամավոր նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանի որդու՝ Սամվել Գևորգյանի մասին, ով 2023-ին տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առողջական հիմքերով։
«Սա չի խանգարել, որ Գևորգյանը մինչև 2024-ը խաղա Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Սրան զուգահեռ՝ նա անցած մրցաշրջանում հանդես է եկել ԲԿՄԱ և «Հատիս» ակումբներում, վերջին անգամ խաղացել այս տարվա մարտին»,- գրել էր լրատվամիջոցը






































