Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման բանաձևին և հայտարարել, որ հայկական կողմն արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի նախագծին։ Ավելի ուշ Թուրքիան «չարամիտ» էր անվանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի քայլը, նախաձեռնությունը վերանայելու կոչ էր արել նաև Ադրբեջանը։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը չի ազատում այդ երկրին պատմական պատասխանատվությունից, այդ թվում՝ Արցախի հայության դեմ կատարված հանցագործություններին մեղսակցության հարցում։
Նախաձեռնությունը ներկայացվել էր Իսրայելի և Թուրքիայի միջև սրված հարաբերությունների ֆոնին։ Գազայի պատերազմի մեկնարկից հետո Անկարան խիստ քննադատում է Իսրայելի գործողությունները, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար կոշտ հայտարարություններով է հանդես գալիս Իսրայելի ղեկավարության հասցեին։




































