«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումը կառավարությունը կընդունի հուլիսի կեսերին, լրագրողներին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա տեղեկացրել է, որ դրանից հետո կսկսվի ընկերության շուկայական արժեքի գնահատման և փոխհատուցման գործընթացը։
Պետրոսյանի խոսքով՝ այս փուլում ՀԷՑ-ի վերամասնավորեցման շուրջ մասնավոր ներդրողների հետ քննարկումներ չեն ընթանում։ Նա նշել է, որ պետականացման ավարտից հետո կքննարկվի՝ ընկերությունը կմնա պետական կառավարման ներքո, կվերամասնավորեցվի, թե կանցնի կոնցեսիոն կառավարման։
Անդրադառնալով մասնավորապես Շեմգավիթ համայնքում գրեթե ամեն օր գրանցվող հոսանքազրկումների մասին լրագրողի հարցին, Պետրոսյանը պատասխանել է, որ «ամբողջ աշխարհում են հոսանքազրկումները»։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։ Մայիսին ՀՀ վարչական դատարանն արգելել էր իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընկերության շուրջ, մասնավորապես՝ օտարել այն։ Հունիսին, սակայն, ՀԷՑ 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ էր հրապարակվել։
Կարդացեք նաև՝




































