Հայաստանի սահմանադրական դատարանը երրորդ օրն է շարունակում քննել հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործը։ Նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Նիստի ընթացքում քննարկվել է ընտրատեղամասերի մի մասում տեսահեռարձակման բացակայությունը, ինչպես նաև անվավեր քվեաթերթիկները և ենթադրյալ խախտումները, որոնց վկայակոչում է ընդդիմությունը։
Գործի քննությունը մեկնարկել էր հունիսի 26-ին, ՍԴ-ի որոշումը պետք է հրապարակվի հուլիսի 4-ին։
Ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով ՍԴ են դիմել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Նոր ուժ», «Հանուն Հանրապետության», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» և «Ժողովրդավարություն, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործով ներգրավվել է որպես երրորդ անձ։ Նիստին ՔՊ-ին ներկայացնում են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նիստի երրորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ տեսահեռարձակում չի իրականացվել 300-ից պակաս ընտրող ունեցող տեղամասերից։ Նրա խոսքով՝ նման տեղամասերն ընդգրկել են ընտրողների ընդհանուր թվի մոտ 1,5%-ը։ Տեսահեռարձակման բացակայությունը նա բացատրել է տեխնիկական դժվարություններով, քանի որ այդ տեղամասերի մի մասը գտնվում է բարձրլեռնային շրջաններում։
ԿԸՀ նախագահի պնդմամբ՝ նման մոտ 200 տեղամասում տեսահեռարձակման կազմակերպումը կպահանջեր գրեթե այնքան միջոցներ, որքան արդեն ծախսվել էր մնացած բոլոր տեղամասերից հեռարձակում ապահովելու համար։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հակադարձել է ԿԸՀ նախագահին և ընդգծել, որ հենց տեսահսկում չունեցող տեղամասերից են ստացվել խախտումների վերաբերյալ մեծաքանակ ահազանգեր։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն, իր հերթին, նշել է, որ ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումներն էական ազդեցություն են ունեցել քվեարկության արդյունքների վրա։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դատաքննությանը մասնակցելով որպես երրորդ անձ, չի ներկայացրել դիրքորոշում, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել խախտումներ կամ ընտրական բնույթի հանցանքներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա։ Վարդևանյանի գնահատմամբ՝ այս դեպքում քաղաքական գնահատականներն ու քաղաքական իրականությունը հակադրության մեջ են։
«Վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքի տարածումն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա»,- հայտարարել է Վարդևանյանը։
Փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ ՍԴ-ն լրացուցիչ հիմնավորումներ է պահանջել «Ուժեղ Հայաստան» դաշինքի բարձրացրած մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ 17 000 գաղտնի քվեարկությունների մասով։
Նիստի ընթացքում ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտարարել է, որ հանձնաժողովը վիճակագրություն չի վարել, թե ինչ պատճառներով է 17 000 քվեաթերթիկ անվավեր ճանաչվել։ Հովակիմյանը պարզաբանել է, որ Ընտրական օրենսգիրքը հանձնաժողովին չի պարտավորեցնում նման վիճակագրություն վարել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ԿԸՀ-ին մեղադրել է զինծառայողների քվեարկության իրավունքը չապահովելու մեջ։
Գրիգորյանը հակադարձել է ընդդիմախոսներին և հայտարարել, որ ընտրությունների ընթացքում խախտումներ լինում են, սակայն իշխանական կուսակցության կարծիքով՝ դրանց մասշտաբը հիմք չի տալիս ընտրություններն անվավեր ճանաչելու համար։
Նա նաև հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» դիրքորոշմանը հակասող պնդումներ չի արել, այլ տվել է քաղաքական գնահատականներ, որոնք, Գրիգորյանի խոսքով, պետք է տարբերակել իրավական գնահատականներից։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին։ Դատարանը կքննի կողմերի ներկայացրած միջնորդությունները։
Նիստերի առաջին երկու օրերին Սահմանադրական դատարանը լսել էր գործընթացի մասնակիցների դիրքորոշումները։ «Նոր ուժ» կուսակցությունը հրաժարվել էր հետագա մասնակցությունից։ «Միասնության թևեր» կուսակցության՝ գործի քննությունը կասեցնելու առաջարկը մերժվել էր։ ՍԴ-ն մերժել էր նաև գործի քննությունը դատարանի ոչ թե 7, այլ 9 դատավորից բաղկացած կազմով քննելու ԲՀԿ-ի միջնորդությունը։




































