Ադրբեջանի արտգործնախարարությունը կոչ է արել Իսրայելի կառավարությանը վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության վերաբերյալ ընդունած որոշումը՝ այն անվանելով «լուրջ մտահոգության առիթ»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ Իսրայելի կառավարության որոշումը «պատմական ճշմարտության խեղաթյուրում» և «բարդ պատմական գործընթացների քաղաքականացում» է անվանել։ Ըստ Ադրբեջանի՝ Իսրայելի կառավարությունն «առանց իրավական և գիտական հիմքերի» է կողմ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին, ինչը Բաքվի համար անընդունելի։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ «նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ խորացնում են առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին»։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի նախագծին։ Ավելի ուշ Թուրքիան «չարամիտ» էր անվանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի քայլը։
Նախաձեռնությունը ներկայացվել էր Իսրայելի և Թուրքիայի միջև սրված հարաբերությունների ֆոնին։ Գազայի պատերազմի մեկնարկից հետո Անկարան խիստ քննադատում է Իսրայելի գործողությունները, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար կոշտ հայտարարություններով է հանդես գալիս Իսրայելի ղեկավարության հասցեին։

































